Ձկները ու նրանց թագավորը

Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը.

– Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.

– Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։

Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

Արջն ու մրջյունը

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։

Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

Ջայլամն ու ծիտը

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

– Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։